Լռելն էլ մեղսակից լինելուն հավասարազոր է
07.07.2020 | 00:25
ՈՒղիղ տասը տարի առաջ այս օրերին սոցիալական հարթակում ձևավորված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» անունով խումբ կար, որը պայքարում էր «Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի դեմ։ Նրանք հայոց լեզվի վտանգներից էին խոսում, ազգային ինքնության մասին բարձրաձայնում, իսկ ակցիայի ակտիվիստներից էր նաև այսօրվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հայտնի ֆիլմի մի դրվագ է սա հիշեցնում. «Ես գիտեի, որ Ռուբենս չէր հասկնա ինչ կեներ: Պադերազմը գիտես ի՞նչ էրեց խեղճ մարդուն»: Նույն հանգով պիտի ասել, թե նախարար դառնալը գիտե՞ս ինչ արեց «խեղճ մարդուն», հայոց լեզվի պահպանման համար պայքարող մարդը բուհերում հայերենի և հայ ժողովրդի պատմության դասավանդումը ոչ պարտադիր է դարձնում, ինքնության մասին բարձրաձայնողը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական դասաժամերից է հանում։ Եվ այս համատեքստում ամենևին էլ կարևոր չէ, թե ով ինչ է դարձել, այլ թե այս ամենն ինչ նպատակ ունի։ Ամենակարևոր հարցի պատասխանը չկա՝ ինչու՞ են նման որոշման հանգել։ Իհարկե, նախարարությունը տարբեր փաթեթավորումներով բացատրում է, թե իմաստ չունի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպես առանձին դասաժամ, պահպանելը, բայց դա, մեղմ ասած, շրջանցելու ամենավատ ձևն է։ Եթե մինչ օրս այդ դասաժամերն առանց որևէ խնդիրների կրթական գործընթացի մաս են դարձել, ուրեմն այնտեղից հատուկ դուրս մղելու համար հստակ պատճառ է պետք։
Անշուշտ, ոչ մեկը չի վիճում առարկան ավելի հետաքրքիր դարձնելու, մեթոդական տարբեր փոփոխություններ անելու, կրոնների մասին աշակերտին ընդհանուր պատկերացում տալու մասին, բայց վերցնել ու առարկան, որպես այդպիսին, չեզոքացնել, նշանակում է, դրա համար կա ավելի «հիմնավոր» պատճառ։ Այս ամենին զուգահեռ մեկ այլ ուշագրավ հանգամանք է նկատվում. լուռ են ու ոչ մի բողոքի ձայն չեն բարձրացնում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» ակցիայի անդամները, թե՞ բոլորը Արայիկ Հարությունյանի պես համալրել են կառավարության կազմը։ Ինչու՞ ոչ մեկը չի ասում, թե ի վերջո, կա խնդիր, եթե շատ քաղաքացիներ, հոգևոր դասն անհանգստություն են հայտնում։ Թե՞ ով իշխանության դեմ է խոսում, մեխանիկորեն դառնում է նախկին ու հակահեղափոխական՝ անկախ այն հանգամանքից, թե որքան լուրջ հարցերի մասին է ահազանգում։
Ի դեպ, այս իշխանության շրջանում վատ ավանդույթ է ձևավորվել. ոչ մի խնդրահարույց հարց հանրային քննարկման չի դրվում։ Որոշում են ու դարձնում օրենք։ Իրենք ամեն ինչ գիտեն, ժողովուրդն իրենց մանդատ է տվել ու վերջ։ Հիմա ինչ էլ անեն ժողովրդի գլխին, դրա անունը կդնեն՝ ժողովրդի կամոք։ Իսկ եթե ժողովուրդն էլ լուռ այդ ամենը մարսում է, ուրեմն ճիշտն իրենք են, որովհետև այս դեպքում մեղավորությունը կիսվում է, լռելն էլ հավասարազոր է մեղսակից լինելուն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ